ԱՊՀ երկրների Երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր Երևանում «Մեկ քայլ առաջ» խորագրով մեկնարկել է 1-ին Եվրասիական երիտասարդական համաժողովը: Մասնակիցները քննարկելու են «Եվրասիական ինտեգրացիայի» խնդիրները, առավելություններն ու հեռանկարները: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն է սկսել քննարկումն ու նշել, որ առանց ինտեգրացիոն գործընթացների հնարավոր չէ դիմակայել աշխարհի մարտահրավերներին: «Վերջին շրջանում ինտեգրացիայի հարցը հաճախ է քննարկվում և դա պատահական չէ, քանի որ այդ կերպ ստեղծվում է նաև մեր հետագա հարաբերությունների հիմքը:Կարևոր է, որ այս գործում երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունենան», – ասաց նա:
«Աշխարհում տարածաշրջանները միավորվում են, գլոբալիզացիան համաշխարհային երևույթ է դառնում` միանում է Աֆրիկան, Լատինական Ամերիկան, մեր տարածաշրջանը ևս նոր հիմքերի վրա պետք է միավորվի`առողջ տնտեսության հիմքով», – ասաց Բելառուսի պատվիրակությունը գլխավորող Յուրի Բառանչիկն ու ավելացրեց, որ այս միջոցառումը կարևոր է հետխոհրդային բոլոր հարապետությունների համար, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրների երիտասարդներն իրար չեն ճանաչում:
Նաև այս բացը լրացնելու նպատակով, բայց հիմնականում եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ երիտասարդներին համախմբելու համար նաև համաձայնագիր ստորագրվեց` նոր բազմազգ «Եվրասիական շարժում» ստեղծելու մասին:
Շարժման Հայաստանի համակարգող Արման Ղուկասյանի խոսքով երիտասարդներն, իհարկե, դեմ չեն ԵՄ ինտեգրացիային, բայց ուզում են իմանալ նաև Եվրասիական իրնտեգրացիայի մասին:
«Այն, որ առաջին համաժողովն անցկացվում է հենց Հայաստանում, ցույց է տալիս, որ հայ երիտասարդությունն ակտիվ է եվրասիական ինտեգրացիայի գործընթացը քննարկելիս: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հենց հայ երիտասարդներն արտահայտեն իրենց տեսակետն այդ գործընթացների մասին, քանի որ դրանք ակտիվ զարգանում են մեր տարածաշրջանում: Հայաստանին պետք են նոր շուկաներ, պետք է շփվել այն ժողովուրդների հետ, որոնց կապված ենք եղել դարերով և ունենք ընդհանուր անցյալ»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Վրաստանի պատվիրակությունները:





