AM
26 Ապրիլ 2013 - 13:08 AMT

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են Չեխիայում և Սլովակիայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին և ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի և ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Այնուհետև Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տիրան աբեղա Պետրոսյանը և Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվը կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հետևեց Պրահայում ՀՀ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանի ելույթը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվեց Չեխիայի Յիհլավա և Բռնո քաղաքներում։ Յիհլավայի «Ուրարտու» հայ-չեխական ընկերության ջանքերով բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, որից հետո Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի և «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Չեխիայում առայժմ միակ՝ Յիհլավայի հայկական խաչքարի մոտ։

Այնուհետև Սուրբ Հոգու եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեց և քարոզչական աղոթքով հանդես եկավ Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր խոսքում անդրադարձավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ իրականացված ոճրագործություններին, մինչ օրս Թուրքիայի կողմից շարունակվող ժխտման և ուրացման քաղաքականությանը։ Նա նաև երախտագիտության խոսքեր հղեց այն օտար գործիչներին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և ընդունում ու հարգում են հայ նահատակների հիշատակը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Երևան կատարած այցի շրջանակներում ապրիլի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր հետևյալ գրառումն է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Շուտով կլրանա հարյուր տարին այն սարսափների, որոնք տեղի ունեցան: Սա միայն ձեր պատմությունը չէ, այլ ամբողջ մարդկության»:

Նույն օրը Չեխիայի երկրորդ քաղաք Բռնոյի եկեղեցում Հայր Բարսեղ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ և հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քարոզով։

Ապրիլի 24-ին դեսպան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ մատուցեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրու առջև: Հայ դիվանագետն իր խոսքում հայտնեց, որ այս տարի նշվում է պատմավեպի առաջին հրատարակության ութսունամյակը և կարևորեց այս գեղարվեստական ստեղծագործության մեծագույն վավերագրական նշանակությունը: Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն իր ելույթում նշեց, որ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը չափազանց կարևոր է նրանով, որ դրանում իրադարձությունները ներկայացվում են օտարազգի հրապարակախոսի կողմից:

Հարգանքի տուրք մատուցվեց նաև ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանին, որից հետո Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ, որին մասնակցեցին 250-ից ավելի չեխահայեր և չեխ համակիրներ:

Այնուհետև, Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն և կատարեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև հանդես եկավ քարոզով: Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան: Վերջինս նշեց, որ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Չեխիան էլ խորհրդարանի մակարդակով միանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվին։ Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվեցին հարևանությամբ գտնվող չեխահայ նկարիչ Գոռ Ավետիսյանի InterArtGallery Gor ցուցասրահը, ուր դեսպանի և հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվեց «Վերածնված Հայաստան» խորագրով Չեխիայի 16 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը: