Սանկտ Պետերբուրգի իշխանությունները նոր որոշմամբ արգելել են աշխատանքային արտոնագրի՝ պատենտի, հիման վրա աշխատող օտարերկրյա քաղաքացիների զբաղվածությունը մի շարք ոլորտներում։ Սահմանափակումները գործելու են մինչև 2026 թվականի ավարտը։
Նոր արգելքները, սակայն, չեն տարածվում Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների քաղաքացիների վրա, գրում է Meduza-ն:
Քաղաքային վարչակազմի ընդունած որոշմամբ՝ աշխատանքային պատենտ ունեցող օտարերկրացիներն այլևս չեն կարող զբաղված լինել բժշկական ծառայությունների, վարսահարդարման, կոսմետոլոգիայի, մանրածախ առևտրի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում։ Արգելքը վերաբերում է նաև համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատանքային գործունեությանը։
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները պարզաբանել են, որ սահմանափակումների կիրառման հիմնական նպատակը «ստվերային զբաղվածության դեմ պայքարն» է։
Արգելքը չի տարածվում նաև այն օտարերկրացիների վրա, որոնք Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն ունեն։
2025-ին Սանկտ Պետերբուրգում նմանատիպ սահմանափակումներ էին ներդրվել տաքսու վարորդների և առաքիչների համար։ Այդ ոլորտներում օտարերկրյա աշխատողների զբաղվածության նկատմամբ կիրառվող արգելքները երկարաձգվել են նաև 2026 թվականի համար։
Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացման գործընթացն ակտիվացել է 2024 թվականի մարտին Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
Դրանից հետո Ռուսաստանի իշխանությունները նախաձեռնել և ընդունել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանափակել են օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու երկրում բնակվելու և աշխատելու հնարավորությունները։





