ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության աշխատանքներին հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Հայաստանը:
«ՀԱՊԿ-ում Երևանի ներկայիս կարգավիճակը նորմալ չեն համարում, քանի որ երկիրը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ «որոշումը մնում է հայկական կողմի հայեցողությանը»:
«Պարտքի մարումից հետո ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»,-ասել է Մասադիկովը:
Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ «կազմակերպությունը գործում է կանոնադրությանը խստորեն համապատասխան և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել անդամներից մեկի չմասնակցությունը համատեղ աշխատանքներին»։
Նոյեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին» որոշումը։
Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է «կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում քաղաքացիների <…> թեկնածություններ առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև ձայնի իրավունքից զրկելու մասին» որոշման ընդունում՝ «երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքի մարման պարտավորությունները» չկատարելու դեպքում։





