AM
27 Նոյեմբեր 2026 - 17:20 AMT

ՀՀ և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկել են հումանիտար, բնապահպանակն և կրթական հարցեր

Նոյեմբերի 26-27-ը Դիլիջանում անցկացվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական երկկողմ հանդիպումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

Հինգերորդ կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, վերլուծական և փորձագիտական շրջանակների մոտ 60 ներկայացուցիչ։

Երկօրյա միջոցառման ընթացքում կազմակերպվել են տարբեր ձևաչափերով հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման հեռանկարներին։ Քննարկվել են նաև երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերը։

Մասնակիցները տեսակետներ են փոխանակել Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության զարգացման, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հեռանկարների, ինչպես նաև մարդասիրական խնդիրների վերաբերյալ։ Առանձին ուշադրություն է դարձվել կրթության ոլորտին, երիտասարդների հետ աշխատանքին և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև անմիջական ու երկարաժամկետ կապերի ձևավորմանը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպման մասնակիցները հանդիպել են նաև Ալեն Սիմոնյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու պաշտոնյաներին, ներկայացնելու իրենց տեսակետներն ու մտքեր փոխանակելու։

Երկօրյա հանդիպման շրջանակում քննարկումներ են անցկացվել նաև առանձին հանձնաժողովների ձևաչափով։ Մասնակիցներն ուսումնասիրել են տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներն ու հետագա համագործակցության հնարավորությունները։

Հանձնաժողովների աշխատանքներն ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝

  • Տնտեսական հարցեր և ենթակառուցվածքներ,
  • Մարդասիրական և հասարակական հարցեր,
  • Բնապահպանական խնդիրներ,
  • Լրատվամիջոցներ,
  • Կրթություն, հանրային պատումներ և աշխատանք երիտասարդների հետ,
  • Քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցեր։

Նախաձեռնության գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը ևս մեկ քայլ է երկու հասարակությունների միջև անմիջական երկխոսության զարգացման, փոխվստահության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական քննարկումները շարունակելու անհրաժեշտությունը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը կշարունակի իր գործունեությունը՝ նպաստելով հետագա համագործակցության խորացմանը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը նպատակ ունի անցյալի հակամարտության, թշնամանքի և ատելության կողքին ձևավորել նոր իրողություններ՝ միտված խաղաղ ապագային։

Քոչինյանը շեշտել է, որ նախաձեռնությունը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների հաղորդակցության հարթակ է, որը չի կարելի նույնացնել բանակցային գործընթացի հետ: