AM
27 Նոյեմբեր 2026 - 16:01 AMT

Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»

Պաշտոնական Բաքուն, որը շարունակում է զբաղվել պատմության կեղծմամբ և Արցախի հայկական եկեղեցիների պատմության ու ժառանգության նենգափոխմամբ, հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի գիտնականները կարող են փոխադարձ այցեր կազմակերպել և «համատեղ ուսումնասիրել Կովկասյան Աղվանքի ժառանգությունը»։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի քաղաքական հետազոտությունների և վերլուծական ուսումնասիրությունների ղեկավար Ֆուադ Ախունդովը «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական եկեղեցին մերձավորարևելյան քաղաքակրթության համատեքստում» խորագրով XIII միջազգային գիտաժողովում հայտարարել է, թե տարածաշրջանում սկսվել է նոր փուլ, որը հնարավորություններ է ստեղծում հայ գիտնականների հետ գիտական ոլորտում համագործակցության համար, հայտնում է Factor.am-ը:

Հայկական Գանձասար վանական համալիրի պատմությունն աղավաղելու հերթական փորձի շրջանակում Ախունդովն անդրադարձել է «վանքի աղվանական ժառանգության ուսումնասիրության մասին ու նշել, որ ըստ վիմագիր արձանագրության՝ հուշարձանը կառուցվել է 1240 թվականին՝ Աղվանից կաթողիկոսի օրոք»։

Ադրբեջանցի պաշտոնյան հայ գիտնականներին հորդորել է «կառուցողական դիրքորոշում որդեգրել» և ուսումնասիրել վանքի արձանագրությունը։

«Դիմում եմ հայ գիտնականներին. եկել է կառուցողական աշխատելու ժամանակը։ Եկեք, տեսեք. վիմագիր արձանագրության մեջ գրված է՝ Աղվանից կաթողիկոս։ Անհրաժեշտ է վերջ դնել նրանց ստին, ովքեր պնդում են, թե այնտեղ նման արձանագրություն չկա»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցել էր Արցախի տարածքներ, խեղաթյուրել է հայկական Գանձասար և Դադիվանք վանքերի անվանումները՝ դրանք ներկայացնելով որպես Գանջասար և Խուդավենք։ Նա նաև փորձել է նենգափոխել հայկական վանքերի պատմական պատկանելությունը՝ դրանք բնորոշելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Հաջիևը պնդել է, թե Գանձասարը 13-րդ դարում հիմնադրել է Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը, և թե «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական կերպարը»։