Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 28-ը Հայաստանում իրականացրեց «Երիտասարդական ՀԿ-ների դերը տեղեկատվական հասարակությունում» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդներ. Ֆրանսիա, Լատվիա, Գերմանիա, Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ, Ղազախստան, Չեխիա, Բելառուս և այլն:
Միջազգային սեմինարի նպատակն է երիտասարդների համատեղ ուժերով ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածություն, վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները և խրախուսել դրանց կիրառումը Հայրենիքի ու Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Կազմակերպիչների կարծիքով ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակել երկարատև համագործակցության ծրագրեր և ապահովել ծրագրի շարունակականությունը:
«Ծրագրի մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքներում, այնուհետև անցան իրենց նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման պլանավորմանը: Հրավիրված փորձագետները մասնակիցներին անհրաժեշտ հմտություններ են հաղորդում, որոնք առաջիկայում օգտագործվելու են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների միջև առցանց հաղորդակցության դյուրացման համար», – տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ, Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում գործող հայկական երիտասարդական ու համայնքային կառույցների գործունեությունը, կլոր սեղանի շուրջ քննարկելու առաջիկա համատեղ ծրագրերն ու նախագծերը:





