AM
2 Մայիս 2013 - 12:36 AMT

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերաբացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին մասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան նման կրթական օջախի առկայությունը՝ այն համարելով մշակույթների երկխոսության և ներթափանցման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներին և Ռուբեն Վարդանյանին Արցախի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելու և նման նախաձեռնությունները կյանքի կոչելու համար՝ հավելելով, որ դա հայրենասիրության լավագույն դրսևորման օրինակներից է:

Նույն օրը նախագահը բարերարների հետ այցելել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դիտել հաստատության սաների պատրաստած տոնական ներկայացումը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: