Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները,ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս հիմնականում զրկված են եղել քվեարկելու հնարավորությունից: Մեդիա կենտրոնում հյուրընկալված «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ անգամ տեխնիկական փոքր խնդիրները նախորդ համապետական ընտրություններից հետո չեն վերացվել:
Ինչպես նախկինում, այսօր էլ ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, 9 տոկոսը հիմնականում մատչելի է, և միայն 6 տոկոսն է լիովին մատչելի:
Արմեն Ալավերդյանը նաև նկատեց, որ եթե անգամ տեղամասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ մուտքի առումով, ապա քվեախուցը հարմարեցված չի:
Ըստ «Ունիսոնի» ղեկավարի, քվեախցերը ոչ միայն պետք է իրարից մեկ մետր հեռավորության վրա գտնվեն, այլև պատից, որպեսզի հաշմանդամները կարողանան սայլակով մտնել քվեախուց և գաղտնիության պայմաններում կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ ժամը 13-ի դրությամբ, իր ունեցած տեղեկություններով, քվեարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդամենը 2-3 տոկոսը:
«Չտեսնող ընտրողների համար պատրաստված կաղապարը, երբ դրվում է քվեաթերթիկի վրա, որի միջոցով բրայլյան համակարգով հավաքված քվեաթերթիկի բովանդակությունը հասանելի է դառնում կույր ընտրողին, չի համապատասխանում դրա դիմաց թռչնակի համար նախատեսված վանդակին: Արդյունքում առաջին երկու տողի դիմաց նշում անելու տեղ ուղղակի չկա: Բացի այդ, եթե կաղապարը շրջված է դրվում քվեաթերթիկի վրա, ապա նշումը ստացվում է ոչ թե աջ, այլ քվեաթերթիկի ձախ կողմում, ինչը մեխանիկորեն քվեաթերթիկը դարձնում է անվավեր »,-տեղեկացրեց «Ունիսոնի» ղեկավարը:





