Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ այսօր այդ վարչական շրջանի բնակիչ Ղազար Մկրտչյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ընտրողը չի կարողացել քվեարկել իր կամքից անկախ պատճառներով, քանզի դեպքը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ոստիկանությանը հանձնարարվել է պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` թե ինչպես է ընտրողի մոտ հայտնվել երկու ծրար եւ երկու քվեաթերթիկ։





