AM
14 Դեկտեմբեր 2005 - 13:34 AMT

Կգա մի փուլ, երբ կարգավորումը անհնար կլինի առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության

Վերջնական կարգավորումը անհնար է առանց բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցությունից: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, «կգա մի փուլ, երբ կարգավորումը անհնար կլինի առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության»: Դրան համաձայն են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «Չէ որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկելու ավելի շատ հարցեր ունեն, քան Հայաստանը»,-նշել է Ա.Ղուկասյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարին` Ա.Ղուկասյանը հայտարարել է, որ հանրաքվեի գաղափարը ինքնին ընդունելի է: «Եթե Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը կընդունեն հանրաքվեի արդյունքները, կարծում եմ, իմաստ ունի այն անցկացնել: Հանրաքվե անցկացնելու մասին հարցը մնում է օրակարգում, սակայն Ստեփանակերտի եւ Բաքվի մոտեցումներն այդ հարցում չափազանց տարբեր են»: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ ԼՂՀ-ում մեկ անգամ արդեն անցկացվել է հանրաքվե: Խոսքը գնում է լրացուցիչ, երկրորդ հանրաքվեի մասին, սակայն հարկ է ճշտել նրա անցկացման մանրամասները եւ աշխարհագրությունը: Այսօրվա դրությամբ կարեւորագույն հարցը պատերազմի վերսկսման բացառումն է եւ խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը»,-հայտարարել է Ա.Ղուկասյանը` ավելացնելով, որ հակամարտության ցանկացած կարգավորում փոզիջումներ է ենթադրում:
Նշենք, որ «ոտքի վրա» լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ միջնորդները մտադիր են Հայաստանի նախագահի հետ կիսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց «բանավոր առաջարկները եւ նկատառումները», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: