AM
17 Մայիս 2013 - 08:22 AMT

Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում. Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները խիստ նկատողություն են ստացել

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն, որը վարել է Արմեն Երիցյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին. «Ես միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաքղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետևություններ անել մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում և դա պետք է միասին անենք` մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետևվողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի»:

Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակիցների հեռացրել է համակարգից, հայտարարել է պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներին: Նպատակը նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք: Այդ ամենը կնպաստի ԱԻ նախարարության աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: