AM
10 Հունվար 2006 - 13:51 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավար. 2005 թվականի կարեւորագույն իրադարձություններից մեկը դարձավ IPAP ծրագրի հաստատումը

2005 թվականին Հայաստանը համապատասխան քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանը ներկայումս ընդգրկված է համագործակցության բոլոր այն ոլորտներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամների կողմից Ստամբուլի գագաթաժողովին հռչակվել են որպես Գործընկերության հիմնական նպատակներ եւ առաջնայնություններ: Դրանք են` 1) արտաքին քաղաքականության եւ անվտանգության վերաբերյալ հարցերի շուրջ դաշնակիցների հետ մշտական երկխոսության, 2) դաշնակիցների հետ համատեղելի ուժեր ստեղծելու, 3) ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցություն ցուցաբերելու մասին: Ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարը, 2005 թվականի կարեւորագույն իրադարձությունը դեկտեմբերի 16-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) հաստատումն էր: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս օգտվելու դաշնակիցների հետ գործընկերությամբ ընձեռած բոլոր հնարավորություններից, կօգնի Հայաստանին կատարելագործելու եւ արդիականացնելու իր պաշտպանության համակարգը, բարձրացնելու վերջինիս արդյունավետությունը եւ ապահովելու համատեղելիությունը զարգացած պետությունների պաշտպանական համակարգերի, ներառյալ զինված ուժերի հետ: Ըստ Վ.Օսկանյանի, այն նաեւ դիտվում է որպես ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա զարգացման կարեւորագույն մեխանիզմ:ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակվելուց հետո, Հայաստանի ԱԳԳԾ (IPAP) ներկայացման փաստաթուղթը Հյուսիս-ատլանտյան խորհրդին ներկայացվեց հունիսին` ԱԳ նախարար Վ. Օսկանյանի կողմից: Տարվա երկրորդ կեսին հանձնաժողովը մշակեց ԱԳԳԾ աշխատանքային ծրագիրը, որը սահմանում է ԱԳԳԾ իրականացման գործողությունները: Դեկտեմբերին ՆԱՏՕ-ի Քաղաքական եւ Քաղաքական-ռազմական կոմիտեների համատեղ նիստի ընթացքում Հայաստանը պաշտոնապես ներկայացրեց այդ փաստաթուղթը, որն արժանացավ կոմիտեների հավանությանը:

Արտգործնախարարը հայտարարեց նաեւ, որ IPAP շրջանակներում Հայաստանի կողմից հայտարարված երեք հիմնական նպատակները` Երկխոսություն եւ համագործակցություն, Պաշտպանության համակարգի բարեփոխումներ եւ համատեղելիություն, Մասնակցություն ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին, բխում են Ստամբուլի գագաթաժողովում ձեւակերպված նպատակներից: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության առումով կարեւոր էր հոկտեմբերին Բրյուսելում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ, որի ընթացքում հանգամանալից եւ շահագրգիռ քննարկում կայացավ Հայաստանի ներքին բարեփոխումների, ԼՂ հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ: «Տեղի ունեցած այլ իրադարձություններից նշենք ԱԳԳԾ մշակման շրջանակներում հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի փետրվարին եւ հոկտեմբերին կատարած այցելությունները Հայաստան, դեկտեմբերին ԱԳ նախարար Վ. Օսկանյանի մասնակցությունը ԵԱԳԽ նախարարների հանդիպմանը, մարտին Երեւանում ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի Ատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի նիստի անցկացումը, որին մասնակցեցին 38 պետությունների ներկայացուցիչներ: Կարեւոր իրադարձություն է նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի նշանակումը»,-հավելել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շարունակում է իր ներդրումն ունենալ Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում: