AM
10 Հունվար 2006 - 14:57 AMT

Հայաստանը շարունակում է կարեւորել հարաբերությունների զարգացումը Իրանի հետ

Հայաստանը կարեւորում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, առաջընթաց է գրանցվել էներգետիկայի, տրանսպորտի եւ մշակութային համագործակցության բնագավառներում, շարունակվել է քաղաքական երկխոսությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: 2005 թվականին շարունակվեց նաեւ քաղաքական երկխոսությունը միջազգային եջ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ըստ նախարարի, հայ-իրանական երկկողմ համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է եղել հետեւյալ ծրագրերի վրա.
. Իրան-Հայաստան գազամուղի կառուցում,
. Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործում,
. Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցում,
. Այլընտրանքային էլեկտրաէներգետիկայի բնագավառի զարգացում,
. Հայաստան-Իրան այլընտրանքային ավտոճանապարհի շահագործում (Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան հատվածում),
. Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացում,
. 2006թ. «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Համաձայնագրին Հայաստանի լիիրավ անդամակցում,
. Հայաստան-Իրան սահմանային շուկայի վերագործարկում:

Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, 2005թ. լի էր բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններով: «Տարվա կարեւոր միջոցառումը դեկտեմբերի սկզբին Հայաստանում իրանական դրամաշնորհով կառուցված հողմաէլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունն էր, որին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանեց ԻԻՀ էներգետիկայի նախարարը»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Այցի ընթացքում ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր էներգետիկ բնագավառի համագործակցության վերաբերյալ»: Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվել Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը` որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էներգակիրներով ապահովման ու դիվերսիֆիկացման կարեւորագույն գործոններից մեկը: