Հունիսի 2-ին մեկնարկել և մինչև 9-ը Երևանում կանցկացվի «Համագործակցություն 2013» խորագրով միջազգային 9-րդ մարաթոնը` սայլակով տեղաշարվող օգտվող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը: Մարաթոնը կազմակերպում են հենց այս հիմնադրամը, նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:
«Մեր նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները ևս կարող են մասնակցել մրցույթների և հաղթել: Նրանք տարբեր երկրներից են եկել և ներկայացնելու են նաև իրենց երկրներում սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները», – ասաց Ավագյանը:
Իսկ տարբեր երկրներից մարաթոնի մասնակցելու նպատակով Երևան են եկել նաև հայ երիտասարդներ: Նրանցից Արաքսյա Մանուկյանը Մոսկվայից է եկել ու, ինչպես շեշտեց, շատ ուրախ է նման առիթով Հայաստանում լինել:
Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ մաթոնի միջոցով այդ խնդիրների վրա կհրավիրեն շահագրգիռ, պատասխանատու կառույցների ուշադրությունը, ինչին գործնական քայլեր կհետևեն:
Իսկ մինչ այդ իրենք են գործնական քայլեր ձեռնարկում պետական կառույցների հետ գործակցելու և ուշադրությունը գրավելու համար` հունիսի 5-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան են կազմակերպում: Մարաթոնի մասնակիցները կհանդիպեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Բացի այս նրանք այցելելու են նաև Մայր Հայաստան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, իսկ հունիսի 8-ին, նաև հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մասնակցելու են Երևանի փողոցներով կազմակերպվող երթին, ավելի ուշ` Հյուսիսային պողոտայում, ֆլեշմոբի:





