AM
3 Հունիս 2013 - 12:08 AMT

Է. Խուդյան. Ղալումյանը դատախազի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ չի ներգրավվել մեղադրյալների ցանկում

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունը վերջերս մի շատ կարևոր տեղեկություն է ստացել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի դատախազ-քննչական համակարգում, դեռևս չեն վերացել այն արատավոր երևույթները, երբ կարողանում են ծանոթ-բարեկամական կապերի միջոցով քրեական գործով շահագրգիռ դատախազի կեղծ ցուցումով մեղադրանքի բովանդակություն փոխել և հանցագործության արդյունքում շահ ստացած անձանց վկայի կարգավիճակում թողնել: Այս մասին նշված է սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Հենց նույն այս ծանոթ-բարեկամական կապերի միջոցով է, որ այսօր բոլորովին անկաշկանդ իր կյանքն է վայելում տասնյակ տուժած գնորդների բնակարանների յուրացման հարցում իր խոշոր դերակատարումն ունեցած Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր Ղևոնդ Ղալումյանը:

Այս տարվա մարտի 13-ին, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկված իր վերջին դիմումում ամերիկահայ գործարարը խոսել էր այն մասին, որ իր գործով այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում: Այս դիմումին դատախազության կողմից տրված ընթացքն ընդամենը հետևյալն էր. Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ դիմումը ուղարկվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ինչպես նաև դատարան, քանի որ դիմում նշված փաստերը վերաբերում են մի քրեական գործի, որն այժմ դատարանում է գտնվում, և հետևաբար գործով դատավորը պետք է քննի առկա փաստերը: Սակայն այս գործով դատարանում արդեն 6-ից ավելի նիստ է անցկացվել, բայց մինչ օրս ոչ մի խոսք չի հնչել դատախազություն ուղարկված կարևորագույն փաստեր մատնանշող դիմումի մասին:

Եվ չգիտես ինչպես, արդյունքում ստացվում է այնպես, որ հանկարծ, թե’ ՊԵԿ-ում այժմ շարունակվող նախաքննությամբ, թե’ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում Ղալումյանն ընդամենը վկայի կարգավիճակ ունի: Հարց է առաջանում. մինչև որտեղ են ձգվում Ղալումյանի կապերը և մինչև երբ են դրանք ազատելու նրան օրենքի առջև պառասխանատվությունից :

Սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության կանխամտածված սնանկացման փաստով հարուցված քրեական գործը մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է ՊԵԿ, որտեղ նախկինում մեղադրանք էր առաջադրվել Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ: Մնում է պայքարել, որ քննիչը այդ նույն ջանասիրությամբ մեղադրանք առաջադրի նաև ընկերությունը թալանած մյուս մասնակից Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ: