Բնապահպանության ոլորտում խնդիրները շատ են, մեծ է, բնականաբար, նաև քննադատությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին առաջարկեց, որ մամուլին ավելի օպերատիվ արձագանքեն:
«Լրատվամիջոցներում հայտնվում են մարդիկ, ովքեր ներկայնում են որպես գիտանականներ և հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, փորձում են նախարարության արած աշխատանքը աղավաղել: Ավելի օպերատիվ պատասխանեք այդ հրապարակումներին, որպեսզի մարդիկ հասկանան` ինչ աշխատանք է կատարվել»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Նախարարն էլ նկատեց, որ քննադատությունը պետք է արվի գրագետ և տեղին, իսկ իրենք ընտրել են թափանցիկ աշխատանքի քաղաքականությունը: «Շատ դեպքերում թյուր կարծիքներ են լինում, մենք հետևում ենք բոլոր գործընթացներին, տալիս ենք համապատասխան մեկնաբանություն, որպեսզի հանրության մոտ հարցականներ չմնան: Ես հստակ տիրապետում եմ ոլորտին` բոլոր ուղղություններով, նախարարության թիմի միջոցով կարողանում ենք հստակ արձագանքել բոլոր խնդիրներին: Մենք, երբ ճիշտ ինֆորմացիա չենք ստանում, ցավ ենք ապրում»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ հայտարարված է բնապահպանության շաբաթ: «Վաղը Հայաստանում Բնապահպանի օրն է, իսկ աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի պահպանության օրը: Այս մեկ շաբաթը տարբեր միջոցառումներ ենք անցկացնելու: Ոչ միայն խնջույքներ պետք է անենք, այլև փորձենք էկոլոգիական գիտակցությունը բարձրացնել, մարդու հոգեբանությունը փոխել»,- եզրափակեց նախարարը:





