AM
4 Հունիս 2013 - 11:43 AMT

Թոշակների վճարման ցուցակները նոր շտեմարանների հիման վրա են տպագրվել. 3 հազար տվյալի ճշգրտման խնդիր կա

Հունիսի մեկից կենսաթոշակների վճարման ցուցակները տպարգրվել են նոր տեղեկատվական շտեմարանների հիման վրա, իսկ վճարումներն արդեն սկսված են: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ կան տեխնիկական թերություններ, իրականացվում է ճշգրտում, աշխատանքները շարունականան են: Նախարարը նկատեց, որ նոր տեղեկատվական շտեմարանների արդյունքում գործառույթներն ավտոմացտացվել են, բոլոր տարածքային բաժինները հանձնարարական են ստացել, որ խնդիրները լուծվեն շատ կարճ ժամկետներում: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ շուրջ երեք հազար տվյալների ճշգրտման խնդիր կա: «Ես իրավիճակը գնահատում եմ աշխատանքային: Նոր տեղեկատվական շտեմարանում գործառույթները ավտոմատացված են, համակարգն է հաշվառում անձին, նրա թոշակի չափը, եթե տվյալները ճշգրիտ չեն, նրանք չեն ներառվում: Իսկ կան մի շարք տվյալներ, որոնք ի սկզբանե սխալ են»,- բացատրեց նախարարը:

Նա նկատեց, որ խնդիրը միայն տեխնիկական չէ, բովանդակային էլ է: Նախարարն ընդգծեց, որ թոշակ ստանալու են միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն դրա իրավունքը: