«ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մակքորմաքի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը գազ է մատակարարում Հայաստանին, ես ուղղակի վրիպակ կանվանեի»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը օգնության ձեռք է մեկնել Հայաստանին եւ Վրաստանին: «Բնականաբար, փոխադարձ շնորհակալությունների մասին հարց չի առաջանում»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա: «Անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել պայթյունների պատճառը, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարեւանները միացրեցին ջանքերը եւ օգնության հասան հարեւաններին ճգնաժամի պահին: Դուք գիտեք, որ մենք այստեղ դեր ունեինք եւ հպարտ ենք դրանով», – հայտարարել էր Շոն Մակքորմաքը:





