Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հունվարի 26-ին ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան ռուս հյուրին դիմավորել են Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձիք: Լրագրողների հետ զրույցում Սերգեյ Իվանովը նշեց, որ Հայաստան է ժամանել հերթական այցով, որի ընթացքում մտադիր է Հայաստանի պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: Ըստ Իվանովի, նախատեսվում է նաեւ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ նախանշել պաշտպանության ոլորտի հետ կապված հայ-ռուսական հարաբերությնունների լայն շրջանակի խորացման եւ զարգացման հեռանկարները: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ դերի վերաբերյալ իր «պեսիմիստական տրամադրվածության» մասին հարցին` Սերգեյ Իվանովը հայտարարել է.«Ինձ հիպոթետիկ հարց տվեցին` ի՞նչ կլինի եթե…, եւ տեսականորեն ով կարող է գլխավորել խաղաղապահ առաքելությունը եւ ում հովանու ներքո այն պիտի կայանա եւ ինչպես եմ ես վերաբերվում, նույնպես զուտ տեսականորեն, ԵԱՀԿ-ին: Ես իմ անձնական կարծիքը հայտնեցի, որին դուք տեղյակ եք»: Հիշեցնենք, որ Սերգեյ Իվանովի այցը ձգձգվում էր վատ եղանակային պայմանների պատճառով: Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Ադրբեջանից: Լրագրողների հետ հանդիպման ավարտին նա ասել է, որ բարձր է գնահատում ռուս-հայկական ավանդական հարաբերությունները ռազմական ոլորտում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





