AM
8 Հունիս 2013 - 11:10 AMT

Տարոն Մարգարյան. Մենք Երևանի ապագայի մասին ընդհանուր պատկերացումներ ունենք

Հունիսի 8-ին գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 64-ը: Նախքան նիստի սկսվելը, սահմանված կարգով, գրանցվել են ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամները:

Աստղիկ Գևորգյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ:

ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 42 մանդատ, ԲՀԿ-ն`17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6: Տարոն Մարգարյանը շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին, ինչպես նաև ողջունել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մուտքը Երևանի ավագանու կազմ:

«Նախորդ չորս տարիներն իսկապես արդյունավետ էին ավագանու ինստիտուտի կայացման և համակարգված աշխատանքի առումով, ինչն արդեն լավ հիմք է առաջիկա տարիների բեղմնավոր գործունեության համար: Մենք եկել ենք տարբեր ծրագրերով, բայց իրականում շատ ընդհանուր նպատակներով ու Երևանի ապագայի մասին ընդհանուր պատկերացումներով»,- նշել է նա: Մարգարյանի խոսքով, բոլորն էլ մտահոգ ենք երևանցիների հոգսերով ու խնդիրներով, շահագրգիռ են Երևանի զարգացման ծրագրերով և աշխատելու են այդ ուղղությամբ:

Նիստի ժամանակ քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Սուրեն Ներսիսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը և «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: