AM
13 Հունիս 2013 - 13:33 AMT

Համապետական միջոցառում` գարնանային զորակոչի առաջին նորակոչիկների պատվին

Այսօր բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր ընթացիկ տարվա գարնանային զորակոչի առաջին նորակոչիկների ընդունմանը: Հայրենիքի պաշտպաններ դառնալու առթիվ նրանց շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:

Ելույթ ունեցողները նախ շնորհավորել են տղաներին պաշտպանության բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, իսկ այնուհետև համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր գործը:

Համապետական նշանակություն ունեցող այս միջոցառման ավարտից հետո նորակոչիկներն ուղևորվել են զորամասեր, որտեղ, տիրապետելով ռազմական գործին, իրենց անձնուրաց ծառայությամբ կպահպանեն Արցախ աշխարհի անառիկությունը: