Արցախյան պատերազմում անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ցավոք աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն: Մենք միայն փորձում ենք միջազգային կառույցների միջոցով կապ հաստատել Ադրբեջանի Հանրապետության հետ, պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս, որ լիարժեք կարողանանք իմանալ, թե որքան է գերիների թիվը: Մենք միայն ընդհանուր թիվ գիտենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ շատերն անհայտության ճանապարհին են, շատերը միգուցե զոհվել են, բայց հարազատները մինչև այսօր սպասում են նրանց: Նախարարը տեղեկացրեց, որ ՊՆ-ն ունի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը տարին երկու անգամ նիստեր է անցկացնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում: «Իհարկե, մեզ համար կարևոր է, որ իմանանք նրանց ճակատագրերը, բայց գտնում ենք նաև, որ հանձնաժողովի և պետական այլ կառույցների խնդիրն է այսօր ուշադիր լինել նրանց հարազատների, նրանց ընտանիքների նկատմամբ, ինչպես նաև անհայտ կորածների հիշատակը վառ պահել»,- հայտնեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նկատեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքները հրապարակվում են, երբ դրանք ամբողջական են լինում:





