AM
1 Հուլիս 2013 - 13:29 AMT

ԿԳ նախարար. Պրակտիկայի կազմակերպումը շարունակում է մնալ կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապարը»

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Անընդհատ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովը: «Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի կազմակերպումը շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապարը»,- բացման ժամանակ ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հույս է հայտնել, որ մանկավարժական կրթության բանգավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը, ապա նկատեց նաև՝ Մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման և արդիականացման նախանձելի տեմպեր` ցույց տալով, որ Հայաստանի կրթական համակարգում բուհը կարողանում է արժանապատիվ և կարևոր գործընկեր լինել:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծել է, որ մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ և բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը ներկայացրել է Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարևոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար:

Գիտաժողովի աշխատանքերը շարունակվել են երկու մասնաճյուղերով՝ Մանկավարժական պրակտիկայի խնդիրները բուհական կրթության համակարգում և Տեսական և գործնական պատրաստվածության խնդիրները բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում:

Գիտաժողովը կշարունակվի մինչեւ հուլիսի 5-ը: