Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մամուլում տարածված սկանդալային նորություններին, որոնք կապվում են թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ:
«Անցած երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանին վերագրեցին զանազան բացասական որակներ՝ հասարակության մեջ փորձ անելով ձևավորել Սրբազանի անձի՝ իրականությունից ամբողջովին կտրված ընկալում: Հավասարակշռության և անկողմնակալության սկզբունքի պահպանման փոխարեն մի խումբ ԶԼՄ-ներ, թերևս միայն իրենց հայտնի պատճառներով, առ այսօր առավել կարևորում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին՝ հասարակության կյանքից, նրա հոգսերից ամբողջովին կտրված ներկայացնելը:
Օգտվելով Նավասարդ արք. Կճոյանի լռությունից, մամուլի մի խումբ ներկայացուցիչներ անընդհատ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ միևնույն ժամանակ զերծ մնալով սեփական գործողությունների համար որևէ պատասխանատվությունից:
Այս երկու տարվա ընթացքում առաջ քաշվող հարցադրումները և փաստարկները հաճախ դուրս են բերվում համատեքստից, աղավաղվում և առավելապես հարմարեցվում հրապարակումների քննադատական, դեղնավուն բնույթին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում լայն հասարակությանը թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին»,- ասված է Արարատյան Հայրապետական թեմի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Նավասարդ արք. Կճոյանի անունը կապվում է Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերության հետ: Ըստ այյդ տեղեկությունների` օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետը, Նավասարդ արք. Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Արքեպիսկոպոսն ու վարչապետը հերքում են այս մասին տեղեկությունները, ավելին, վարչապետը դիմել է դատախազությունը` իրականությունը պարզելու համար:





