AM
2 Հուլիս 2013 - 06:53 AMT

Մայր Աթոռը կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար է անցկացրել

Հունիսի 23-29-ը Ծաղկաձորի Գրողների տանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը, World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, անցկացրել է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար` վերապատրաստման ձևաչափով: Համագումարին մասնակցել են հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 170 ուսուցիչներ:

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կառավարության ու եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիկոպոս Քարամյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԿԳՆ ԿԱԻ փոխտնօրեններ Անահիտ Բախշյանն ու Վարդան Ղանդիլյանը:

Դասընթացի օրակարգում ընդգրկված են եղել Աստվածաշնչի ամենօրյա սերտողություններ, եկեղեցու պատմության, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանության, ծիսական համակարգի, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:

Ծրագրի շրջանակներում առաջին անգամ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Հրազդանի Ս. Աստվածածին եկեղեցի (Մաքրավանք), ինչպես նաև տեղի են ունեցել խմբային աշխատանքներ և քննարկումներ մեթոդաբանության վերաբերյալ: Համագումարի ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել ԱՀԹ «Արարատ» հոգևոր միությունը: Այնուհետև Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բոլոր մասնակիցները ներկա են եղել երեկոյան ժամերգությանն ու քարոզին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: