AM
2 Հուլիս 2013 - 11:58 AMT

Թրաֆիքինգի զոհերի նույնականացման ընթացակարգերը կպարզեցվեն

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, մինչև օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն հայտնեց խորհրդում ընդգրկված բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում` տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

«Կարևոր է, որ իրականացված աշխատանքը գնահատվում է, բայց այդ գնահատականը մեզ չպետք է հանգստացնի. սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց անելիքներ դեռ կան, և միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության, համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները ևս պետք է իրենց լուծումներն ստանան»,- նշեց Ա. Գևորգյանը:

Նիստում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց թրաֆիքինգի ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման և Ազգային ուղղորդման կարգի վերանայման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվում են Ազգային ուղղորդման կարգի փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու զոհերի նույնականացման ընթացակարգերի պարզեցմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում է զոհերի աջակցության հիմնադրամի ձևավորման միջոցով փոխհատուցման համակարգի ստեղծման հարցը: Համապատասխան փաստաթղթերի նախագծերը խորհրդին կից աշխատանքային խմբին կներկայացվեն մինչև սեպտեմբեր: Վ. Կաժոյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը միջազգային փորձագիտական կարծիքի ներկայացնելու վերաբերյալ: Ա. Գևորգյանն առաջարկեց անհրաժեշտ նախագծերը և օրենսդրական փաթեթները պատրաստել նախանշված ժամկետներում` ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնելու և արդեն 2014թ-ից դրանց կիրառությունն ապահովելու համար: Նա նաև կարևորեց նախագծերի քննարկումներին ոլորտային ՀԿ-ների մասնակցությունը:

Վ. Կաժոյանը խորհրդի անդամներին ներկայացրեց նաև ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում ներկայացված առաջարկները` միաժամանակ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իսկ ընդգրկված է «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում», մի մասն աշխատանքային խմբի կողմից քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի համապատասխան գերատեսչություններին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ա. Գևորգյանը մասնավորապես անդրադառնալով հարկադիր աշխատանքի հնարավոր զոհերի հայտնաբերման ոլորտին վերաբերող առաջարկներին` կարևորեց աշխատանքային տեսուչների ուսուցումների կազմակերպումը: Նա նաև հանձնարարեց համապատասխան մարմինների հետ քննարկել ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկները` նման դեպքերի բացահայտման համար անսպասելի տեսչական ստուգումների իրականացման հնարավորության, նաև ճամփորդական գործակալությունների ոլորտում հնարավոր ռիսկերի կանխման նպատակով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Նիստում քննարկվեց նաև 2014 թ. թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը: Տեղեկացվեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության, առողջապահության նախարարությունների կողմից արդեն համապատասխան հայտերը ներկայացվել են` Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2014թ. բյուջեի նախագծում հաշվի առնելու համար, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: