ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում`Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաև ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի և Արարատի մարզպետները, Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Զարգացման հայկական գործակալության, «Հայջրնախագիծ» ՓԲԸ ղեկավարները, ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչները: Փոխվարչապետն ընդգծեց, որ Արարատյան դաշտավայրի մի շարք համայնքներում ստորերկրյա ջրային պաշարների նվազման հետևանքով ջրօգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, և նշված գյուղերի բնակիչներին ինչպես կենցաղային, այնպես էլ ոռոգման ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:
Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության և ձկնաբույծների ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տարբեր երկրների նմանատիպ փորձը, և ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի կառավարությանը: Փոխվարչապետը Բնապահպանութան նախարարության ներկայացուցիչներին նաև առաջարկեց ուսումնասիրել 2010-2012թթ. ջրօգտագործման թույլտվություններով դեռ չկատարված հորատումների նպատակահարմարությունը և համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:





