AM
2 Հուլիս 2013 - 12:33 AMT

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանին հանձնված ադրբեջանցի ռազմագերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն ուրբաթ օրն այցելել են մոտ 1 տարի առաջ Հայաստանին հանձնված ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարազովին: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ–ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը։

«Ռազմագերուն տեղեկություններ են փոխանցվել իր ընտանիքի մասին: Նա էլ ընտանիքին է իր մասին տեղեկություններ փոխանցել», – ասաց նա ու նշեց, որ այլ տեղեկություն չի կարող հաղորդել, որովհետև դրանք հրապարակման ենթակա չեն: Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը 2012 թվականի հուլիսի 26-ի առավոտյան սպիտակ դրոշը ձեռքին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում հատելով ՀՀ սահմանը ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին:

Ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին օրերին դեպքի մասին իրենց հրապարակումներում նշում էին, թե զինվորը մոլորվելով է հատել սահմանը, իսկ հայ սահմանապահները բռնի ուժով են նրան գերի վերցրել: Ապա տեղեկություն տարածվեց, թե ռազմագերու հայրը Ադրբեջանի ներքին զորքերի մայոր է: Սրանից հետո Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը հայտարարություն տարածեց, նշելով, թե նման տեղեկություններ հայտնող լրատվամիջոցները պետք է գիտակցեն, որ թշնամուն արժեքավոր տեղեկատվություն են հաղորդում, որի հետևանքները կարող են վտանգավոր լինել զինվորի կյանքի ու նրա հարազատների համար: