AM
3 Հուլիս 2013 - 14:16 AMT

Արմեն Աշոտյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է գիտական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջիկա պաշտոնական այցին Հնդկաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխանակմանը, դիպլոմների, գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչմանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին, գիտական հանրույթի համագործակցությանը և համատեղ գիտական ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցեր, ասվում է նախարարության հաղորդագրոթւյան մեջ: