Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թորբեն Հոլթցեն, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հյուրի խնդրանքով տեղեկություններ հաղորդեց սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովի կատարելիք օրենսդրական աշխատանքների մասին: Խորհրդարանի նախագահը, կարեւորելով Եվրոպական նոր հարեւանության ԵՄ ծրագիրը իբրեւ տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական զարգացման խթան, նշեց, որ ճիշտ կլիներ կիրառել տարբերակված մոտեցում եւ հավասարության նշան չդնել տարածաշրջանի երկրների միջեւ, թեեւ, բնականաբար, Հարավային Կովկասը քաղաքական եւ տնտեսական միասնական շուկա դիտարկելն ավելի դյուրին է: Համաձայնելով այս տեսակետին` Հեյկի Տալվիտիեն նշեց եվրոպական չափանիշների ընդունման տարբերակվածությունը երեք պետություններում եւ կարեւորեց ժողովրդավարության զարգացումը ամբողջ տարածաշրջանում, որը հնարավորություն կտա ձերբազատվել հակամարտություններից, համատեղ տնտեսական միջազգային ծրագրեր իրականացնել: Տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին դրական գնահատական տալով` պարոն Տալվիտիեն կարեւորեց, որ դա լինի քաղաքական առաջնահերթություն եւ նշեց խորհրդարանների կարեւոր դերակատարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելը մնում է օրախնդիր եւ կողմերը պետք է փոխզիջումների ճանապարհով հասնեն հարցի լուծմանը:





