Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին հարակից բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Անահիտ Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ է կառուցում տվյալ տարածքում: «Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն Բախշյանին հաջողվել է իմանալ, որ «Հասարակական օբյեկտի» կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:
Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաև վերևի հարկը»,- ասված է «Բարև Երևանի» տարածած հաղորդագրության մեջ:





