AM
10 Հուլիս 2013 - 14:28 AMT

Շ.Ֆյուլե. ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեց ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բոլոնիայի գործընթացի քարտուղարության և 2015 թվականին Հայաստանում Բոլոնիայի գործընթացի անդամակցած պետությունների նախարարական գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը ստանձնել է նման բարձր պատասխանատվություն, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից առաջարկվել է այս տարվա սեպտեմբերին նախատեսվող Արևելյան գործընկերության կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու են նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և կրթության և մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ներկայացնել Բոլոնյան գործընթացի քարտուղարության հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության ասոցիացված մասնակցության հեռանկարները: Հանձնակատար Ֆյուլեի կողմից կարևորվել է «Էրազմուս+» ծրագիրը՝ որպես ուսանողների և դասախոսների միջև շարժունության, միջբուհական կապերի հաստատման կարևոր գործիք:

Քննարկվել է Արևելյան գործընկերության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործակալության ստեղծման հայաստանյան առաջարկը և հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակում նախատեսվող կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր:

Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները և վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են նաև մի շարք քաղաքական հարցեր: