AM
19 Հուլիս 2013 - 12:23 AMT

Հայաստանում մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»:

Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարության աշխատակազմի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, «Հայաստանի ԴՈՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ:

Կշարունակվի հերոսամարտի մասնակից ազատամարտիկների մասնակցությունը կրթադաստիարակչական գործընթացին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է «Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները» խորագրով բաց դասեր, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բաց դասեր` ազատամարտիկների մասնակցությամբ:

Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: