AM
19 Հուլիս 2013 - 12:43 AMT

Ռայներ Մորել. Գերմանիան ևս 30.000 եվրոյի օգնություն կտրամադրի սիրիահայերին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:

Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, կեցության կարգավիճակին վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը ներկայացրեց նաև սիրիահայերի համար հրատապ լուծում պահանջող աշխատանքի տեղավորման և բնակարանաշինության խնդիրները:

Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ֆինանսական միջոցները համալրելու նպատակով եվրոպական գործընկերների աջակցությունն ենակնկալում:

Դեսպան Ռայներ Մորելը ևս արտահայտեց իր մտահոգությունը Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և անդրադառնալով սիրիահայերի աջակցության խնդրին՝ ներկայացրեց, որ գերմանական իշխանությունները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով սիրիահայերին 20.000 եվրոյի օգնություն են տրամադրել: Առաջիկայում նախատեսվում է ևս 30.000 եվրոյի օգնություն տրամադրել:

Սիրիահայերի կարիքները ճիշտ գնահատելու և սիրիահայերին տրամադրվող օգնությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ: