Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների մասնակցությամբ «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և իրականացված աշխատանքների համար, նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր և կարևոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:
Հաջորդ շաբաթ նախատեսվում է մաքրման աշխատանքներ իրականացնել «Փարոս» անտառպուրակի տարածքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





