Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել միջադեպ: Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, «Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը: Վահրամ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են միջադեպից հետո այնտեղ գտնվող ոստիկաններին, սական վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:
Տեղի ունեցածի կապակցությամբ սարկավագը դիմում է ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:





