Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորին մտահոգությունն է արտահայտում Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: «Այդ երևույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ և այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը և բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն և քաղաքացու շահերից բխող գործառնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հետ մեկտեղ, գտնվում է պետության առաջնային պարտավորությունների շրջանակում:
Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը և կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների և ոչ կոմպետենտ տնտեսվարման հետևանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը դարձել է 150 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն:





