Free car ակցիային մասնացող հայկական հեռուստաեթերից ու ոչ միայն հայտնի անձինք, ինչպես և խոստացել էին, համացանցում տեղադրեցին «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնությանը սատարող ու Երևանում ուղեվարձի թանկացման դեմ ուղղված սոցիալական գովազդը, որտեղ կոչ են անում չվճարել 150 դրամ ու հավաստիացնում, որ «ամոթ չէ վճարել 100 դրամ»:
«Կարգին ստուդիայի» պատրաստած տեսահոլովակում նկարահանվել են Հայկ Մարությանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը, Արմուշը, Աբել Աբելյանը, Գարիկ Պապոյանը, Լուսինե Բադալյանը, Պետրոս Ղազարյանը,Անդրանիկ Հարությունյանը, Արթուր Իսպիրյանը, Անի Քոչարը և այլք, ովքեր այս օրերին իրենց մեքենաներով անվճար ուղևորներ են տեղափոխում մայրաքաղաքի տարբեր հատվածներ:
Հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է սկսվել: Մայրաքաղաքում տարբեր տեսակի ակցիաներ են ընթանում:





