AM
31 Հուլիս 2013 - 13:11 AMT

Քաղաքապետ. Կաշխատենք, որ այգիներում կառուցապատման աշխատանք կատարելու ցանկություն հայտնողներ չլինեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում: Քաղաքապետը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները:

«Մեր որդեգրած սկզբունքն է կառուցվող բոլոր այգիներում ու բակերում շինարարության ընթացքում պարտադիր հարցնել մեր բնակիչներից կարծիքներ: Բոլոր այս նախաձեռնությունները հենց մեր քաղաքացիների համար են, և նրանք են վայելելու բարեկարգ բակերն ու այգիները:

Երբ տեսնում ենք այս երեխաների ժպիտը, մեր բնակիչների ուրախությունը, որ իրենց բակային տարածքում ունեցան հանգստի գոտի դա մեզ ավելի է ոգևորում ընդլայնելու ծրագիրն ու բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքները, որոնք դեռևս խնդիր ունեն: Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կավարտենք ծրագիրն ու Երևան քաղաքում այլևս անբարեկարգ բակ չենք ունենա և բոլորը կհանձնենք մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը զրուցել է նաև Գայի պողոտայում տեղակայված կրպակաշարերի տնտեսվարողների հետ: Տարոն Մարգարյանը հորդորել է պատասխանատուներին պահպանել ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերն ու բարեկարգ տեսք ապահովել կրպակներին հարակից տարածքներում:

Քաղաքապետը բացել է նաև Թոթովենցի փողոցին հարակից տարածքում կառուցված նոր բակը, շրջել բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

«Այսօր բակերի և այգիների բարեկարգման աշխատանքներ են ընթանում բոլոր վարչական շրջաններում: 2013թ. ծրագրով մենք շուրջ 400 բարեկարգ բակեր և 7 խոշոր այգիներ կհանձնենք երևանցիներին: Առաջիկա տարիներին նույնպես նոր այգիների կառուցումից բացի, մենք աշխատանքներ ենք տանելու տասնյակ տարիներ անխնամ մնացած այգիների բարեկարգման ուղղությամբ ևս: Մեր նպատակն է, որ այդ տարածքներում կառուցապատողներն այլևս ցանկություն անգամ չհայտնեն, կառուցապատման որևէ աշխատանք տանելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: