Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 120 պատանի աշխարհի 15 երկրից:
Ողջունելով մասնակիցներին և հյուրընկալ ընտանիքներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է և սա է ծրագրի լավագույն գնահատականը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մասնակիցներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, հույս հայտնեց, որ ծրագրի մասնակիցները երբևէ կվերադառնան Հայաստան:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Իրինա Տարոնացին, ով Հայրենիք է բերել դպրոցի սաներից բաղկացած մի խումբ:
Մասնակիցներին ողջունեցին 2-րդ տարին անընդմեջ հյուրընկալ ընտանիքի ներկայացուցիչ Շենգավիթ համայնքից՝ Վիկտորիա Մարտիրոսյանը և 6-րդ փուլում 3 սփյուռքահայ պատանի հյուրընկալած Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը: Միջոցառման ավարտին երաժշտական համարներով հանդես եկան Լիբանանից, Իտալիայից և Թբիլիսիից ժամանած մասնակիցները:





