Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երեկ մեծ շուքով նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Վաղ առավոտից Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում են եղել հազարավոր ուխտավորներ։ Նրանց մեծ մասը վարչական տարբեր շրջաններից Նորքի բարձունք տանող ճանապարհը, որպես ուխտավոր, ոտքով են հաղթահարել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մատուցված Սուրբ պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի արարողություն, որի ժամանակ, խորհրդի համաձայն, օրհնվում է նաև տարվա ամբողջ բերքը։ Վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը նշել է, որ, ավանդույթի համաձայն, ամեն տարի տոնը նշվում է մեծ ոգևորությամբ, քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից էլ նախապես ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։
Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, իսկ երեկոյան ժամը 18։00-ից մինչ ուշ երեկո, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան ինստիտուտին հարակից պուրակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ տեղի կարուսելները մանուկների համար գործելու են անվճար։





