AM
24 Օգոստոս 2013 - 06:56 AMT

Արիտունցիներին կոչ են արել իրենց բնակության երկրներում լինել Հայրենիքի դեսպաններ

Օգոստոսի 23-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2013թ 7-րդ փուլի փակման արարողությունը և հրաժեշտի խարույկը, ասվում է սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը ողջունեց արիտունցիներին, շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու համար: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ արեց իրենց բնակության երկրներում լինել Հայրենիքի դեսպաններ, հավատարիմ մնալ իրենց ազգային ինքնությանը, ինչպես նաև լինել օրինապաշտ քաղաքացի ու լավ մարդ, բարձր պահել հայ ազգի պատիվը:

Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգևորեց «Հայկազունք» համույթը: Ծրագրի մասնակիցները երգեցին, պարեցին ու ասմունքեցին հյուրերի համար: Վերջում արիտունցիները շուրջպար բռնեցին ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ: