AM
6 Ապրիլ 2006 - 14:30 AMT

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը «ՀՀ Ազգային Ժողովի եւ քաղաքացիական հասարակության համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանին դրամաշնորհ տրամադրած «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան աջակցում է այն երկրներին, որոնք արդար են իրենց գործողություններում, ներդրում են անում ժողովրդավարության կայացման գործում եւ աջակցում են ազատ տնտեսությանը: «Ընդունելով «Հազարամյակի մարտահրավերների» սկզբունքները, Հայաստանն ընդունեց նաեւ այդ սկզբունքները: Կաշառակերության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ռազմավարական ծրագիրը դարձավ առաջին քայլը կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն դեռեւս շատ անելիք կա»,-նշել է դեսպանը: Ջ.Էվանսը համարում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ` խորհրդարանը, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները պետք է իրենց պատասխանատվությունն ու դերը ունենան այս պայքարում: