Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում ընդունված որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը մոտ 1 տարի 4 ամիս տևած ընդմիջումից հետո նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է նշանակումը` մարզպետին ցանկանալով արդյունավետ աշխատանք, գրում է «Առավոտը»:
Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
2013-ի հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970-ին ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971-ին ծնված Արտակ Բուդաղյանը և 1975-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արդեն հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները.
«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
3 օր անց նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին. ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997-ի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Սուրեն Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:





