Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած հիմնական պարտավորությունները Հայաստանն արդեն կատարել է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խմբի հետ հանդիպումից հետո: Ըստ Օսկանյանի, ներկայումս Հայաստանը պետք է ներդաշնակեցնի երկրի օրենսդրությունը բարեփոխված Սահմանադրության հետ: «Դա վերաբերում է բարեփոխումներին քրեական օրենսգրքում, ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքում եւ Ընտրական օրենսգրքում»,-նշել է Օսկանյանը: Նախարարն ասել է նաեւ, որ «Ագո»-ի խմբի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Մենք ներկայացրել ենք բանակցային գործընթացի որոշ մանրամասներ եւ նրա զարգացումը»,-ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:





