AM
3 Դեկտեմբեր 2014 - 07:58 AMT

«Ժամանակին հայեր կային». Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին կոգեկոչեն ցեղասպանության զոհերին

Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք կանցկացվի, որոնցից առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բիլգի համալսարանի ուսանողական կամպուսում:

Միջոցառմանը Մուրադ Բելգեն կպատմի իր նոր «Հայերը գրականության մեջ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն» գրքի մասին, իսկ պոլսահայ օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Հայկական երաժշտությունը» գիրքը:

Միջոցառման համար Facebook սոցիալական ցանցում բացված էջում նշվում է, որ 2015 թվականը հնարավորություն է պատմության հետ առերեսվելու համար:

«Մենք, որպես հակակապիտալիստ ուսանողներ, ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերին Թաքսիմ հրապարակում կոգեկոչենք: Սակայն այս տարի միայն հիշատակելով չենք ցանկանում բավարարվել»,-ասված է հայտարարության մեջ: Կամակերպիչները նշում են, որ 1915-ից այս կողմ իշխանությունները բանական «ներողության» փոխարեն ժխտողական քաղաքականություն են որդեգրել: Իսկ պատմության մի կարևոր հատված, ինչպիսին Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերն է եղել, պարզապես ջնջվել ու մոռացվել է:

Մինչև այդ նոյեմբերի սկզբին Ստամբուլում տեղի է ունեցել «1915-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին. նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրքարդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը: Ժողովի ընթացքում ելույթ են ունեցել ԲենթլիիՀամալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նոյեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը կայացած համագումարումկուսակցությանմամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա: