Հայաստանի Կոտայքի մարզում Ծաղկաձորի մերձակայքում գտնվող մարզաբազայում տեղի կունենա Ռուսաստանի ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները: Ինչպես նախօրեին հաղորդեց Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը, «Ռուսաստանի եւ Հայաստանի հատուկ ստորաբաժանումներն արդեն ունեն համատեղ փոխգործակցության փորձ»: Նրա խոսքերով, անցած տարվա հոկտեմբերին անցկացվել է համատեղ ուսումնական գործողություն ԱՊՀ երկրների ՆԳՆ Խորհրդի նիստի որոշումների իրագործման շրջանակներում, որը տեղի ունեցավ Երեւանում 2005 թվականի սեպտեմբերին: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ-ում, ուսումնական գործողության ընթացքում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները պետք է ամրագրեն օպերատիվ-մարտական խնդիրների համատեղ կատարման հմտությունները: Կմշակվեն նաեւ զինված հանցագործների ձերբակալմանն ուղղված համատեղ գործողություններ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





