Լիբանանի ավերումը եւ բնակչության ոչնչացումը հերթական փուլն է Սիրիայի եւ Իրանի դեմ ագրեսիայի ճանապարհին : Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մեիլք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Իսրայելն ու ԱՄՆ-ն նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց իրական նպատակները: «Եթե Լիբանանի դեպքում բավարար է Իսրայելի ռազմական ուժը, ապա որոշիչ փուլում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունն անխուսափելի է դառնում: Այնուամենայնիվ, Իրանի վրա նրանց ուժը չի պատի»,-գտնում է հայ քաղաքագետը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Լիբանանում բարբարոսաբար ոչնչացվում է խաղաղ բնակչությունը, ինչն ոչնչով չի կարելի արդարացնել: «Այդ հանցագործության համար մեղավոր է պետք համարել ոչ միայն Իսրայելին, այլ նաեւ համաշխարհային հանրությանը: Բոլորի աչքի առջեւ ոչնչացվում է բազմադարյա քաղաքակրթություն ունեցող մի երկիր, որը մշակել է տարբեր դավանանքների եւ էթնիկ խմբերի գոյակցության եզակի համակարգ: Լիբանանում կատարվողը չի կարելի գնահատել միայն քաղաքական տեսակետից, առանց հաշվի առնելու խնդրի մարդասիրական բաղկացուցիչը: Դա նպաստում է արդարացումներ որոնելուն այն ահավոր սպանդանոցի համար, որ սարքել է Իսրայելը»,-ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:





