Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին` սեպտեմբերի 2-ին «Ռոսսիա» հեռուստակայանի «Վեստի» հաղորդման մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանելու կապակցությամբ: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել է, որ «նոտայում կտրուկ բողոք է հայտնվում ռեպորտաժի կապակցությամբ»: Այնտեղ նաեւ նշվում է, որ «նման հաղորդումների ցուցադրումը պետական հեռուստակայանով հակասում է երկկողմ պայմանագրերին, չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության չեզոք սկզբունքներին եւ վնասում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին»: Նոտայում պահանջվում է «համապատասխան միջոցներ ձեռնարկել հետագայում նման երեւույթներ թույլ չտալու համար», հաղորդում է ԱզերԹաջ գործակալությունը:





